Համագործակցության հուշագրի ստորագրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև

31 օգոստոսի, 2012

Օգոստոսի 28-ից 31-ը այցով Չեխիայի մայրաքաղաք էր այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Օգոստոսի 29-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում պարոն Դեմոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:

Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:

Հանդիպմանն ու արարողությանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության և հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող ՙՙԻնը դարպաս՚՚ փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը և Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, ՙՙՉարիքի հնեաբանություն՚՚ կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:

Հանդիպման մասնակիցները ծաղիկներ դրեցին Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտեցին հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:

Տպել էջը