Դեսպան Մելիքյանի հանդիպումը Սան Իսիդրոյի քաղաքապետի հետ

01 օգոստոսի, 2012

Օգոստոսի 1-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Սան Իսիդրոյի քաղաքապետ դոկտոր Գուստավո Պոսսեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, արգենտինահայ համայնքի տարբեր կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Սան Իսիդրոյի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին, համագործակցության հնարավոր բնագավառներին առնչվող հարցեր։ Նշվեց, որ փոխադարձ այցելությունները լուրջ խթան կարող են հանդիսանալ հետագա համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար։ Մասնավորապես, այդ առնչությամբ Վահագն Մելիքյանը կարևորեց քույր քաղաքների զարգացման գաղափարը, ինչը դրականորեն ընդունվեց Գուստավո Պոսսեի կողմից։

Երկուստեք ընդգծվեց, որ գոյություն ունի չօգտագործված հսկայական ներուժ, իսկ Արգենտինայում մեծ հարգանք վայելող և ազդեցություն ունեցող հայ համայնքը կարող է իր գործուն աջակցությունն ու օժանդակությունը ցուցաբերել բազմաթիվ նախաձեռնություններում։ Դեսպան Մելիքյանը հրավիրեց Սան Իսիդրոյի քաղաքապետին այցելել Հայաստան՝ ավելի մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, ինչպես նաև տեղում քննարկելու համագործակցության հետագա ուղղությունները։ Հրավերը սիրով ընդունվեց քաղաքապետի կողմից։

Այնուհետև, կողմերն անդրադարձան նույն օրը Սան Իսիդրոյի քաղաքային խորհրդի կողմից ընդունվելիք 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին։ ՀՀ դեսպանն ընդգծեց դրա կարևորագույն նշանակությունն արդարության վերականգման, ինչպես նաև նմանատիպ հանցագործություններն ապագայում կանխարգելելու առումով։ Քաղաքապետ Պոսսեն նշեց, որ Արգենտինան ավանդաբար ջերմ վերաբերմունք է դրսևորել հայ ժողովրդի նկատմամբ, իսկ արգենտինահայերի ակտիվ ներգրավվածությունը երկրի ներքին կյանքի բոլոր բնագավառներում բարձր գնահատանքի է արժանի։ Նա նույնպես կարևորեց քաղաքային խորհրդի կողմից բանաձևի ընդունման փաստը և իր զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց միշտ կանգնելու արգենտինահայերի կողքին։
Հանդիպման վերջում կայացավ մամլո ասուլիս, որի ընթացքում քաղաքապետը և դեսպանը պատասխանեցին լրագրողների հարցերին։
 

Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև


Օգոստոսի 1-ի Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, միաձայն կողմ քվեարկեց 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին` միաժամանակ միանալով Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ «Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության» հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:

Քաղաքային խորհրդի նիստին ներկա գտնվեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քվեարկության ավարտից հետո ելույթներ ունեցան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը: Վերջիններս, մեծապես կարևորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևը Հայաստանի և հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունը հայտնեցին ճշմարտության և արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ:
 

Տպել էջը