ՀՀ գործերի հավատարմատարի հանդիպումը Իսպանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

18 հուլիսի, 2012

Հուլիսի 18-ին Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դուրան ի Լեյդայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Խորեն Տերտերյանը Պարոն Դուրան ի Լեյդային տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային Ժողովում ձևավորման փուլում է գտնվում Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը:

Մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրեց եվրոպական ընտանիքին մերձեցմանն ուղղված մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ողջունելով հայկական կողմի գրանցած առաջընթացը եվրաինտեգրման ոլորտում` պարոն Լեյդան ընդգծեց իսպանական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին այդ ուղղությամբ:

Իսպանացի պատգամավորի խնդրանքով Խորեն Տերտերյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
 

Տպել էջը