Արգենտինայում ՀՀ Դեսպան Վահագն Մելիքյանի հանդիպումները Արգենտինայի դաշնային դատավորի և արգենտինահայ գործարարների հետ
15 հունիսի, 2012Հունիսի 15-ին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օժարբիդեի հետ:
Դեսպան Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արգենտինյան դատավորից համամարդկային արժեքների պաշտպանության հանդեպ իր ցուցաբերած հավատարմության, քաջության և քաղաքացիական կեցվածքի համար:
Նորբերտո Օժարբիդեն իր հերթին նշեց, որ միշտ համակրանք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, սակայն արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի և մի շարք հայկական կազմակերպությունների հայցի վերաբերյալ դատական գործընթացն իրեն թույլ տվեց առավել մանրամասն ծանոթանալ հայ ազգի պատմությանը և անցած ուղուն:
Անդրադառնալով 2011 թ. ապրիլի 1-ի որոշմանը` նա առանձնահատուկ կերպով ընդգծեց հայ համայնքի կողմից կազմակերպած ավելի քան հազար ներկաների մասնակցությամբ ընդունելությունը, որը հուզիչ տպավորություն էր թողել իր վրա:
Դատավորը մեծապես կարևորեց այդ ձեռնարկին բազմաթիվ երիտասարդների մասնակցությունը:
ՀՀ դեսպանը հրավիրեց Ն. Օժարբիդեին այցելել Հայաստան, ինչը վերջինս հաճույքով ընդունեց:
Տեղեկանք: 2011 թ. ապրիլի 1-ին նա, բավարարելով արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի և մի շարք հայկական կազմակերպությունների հայցը, կայացրեց որոշում, ըստ որի «Թուրքական պետությունը 1915-1923 թթ. Ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ` ծրագրավորելով և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայերի», ինչը լայն հնարավորություն է ընձեռնում միջազգային կազմակերպություններում և տարբեր դատական ատյաններում որպես իրավական հիմք օգտագործելու համար:
...
Հունիսի 14-ին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն այցելեց հայ-արգենտինյան առևտրի պալատ: Հանդիպման սկզբում, որին ներկա էին մոտ 40 արգենտինահայ գործարարներ, պալատի նախագահ Օնիկ Բոյաջյանը ներկայացրեց պալատի ստեղծման պատմությունը և իրականացվող գործունեությունը:
Անդրադառնալով հայ-արգենտինյան առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց արգենտինահայ գործարար շրջանակների ներգրավվածությունն այդ ենթատեքստում:
Նա հանգամանորեն ներկայացրեց այն ոլորտները, որտեղ հնարավոր է հաջողությամբ տնտեսական գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել:
Այնուհետև ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի հետ գործարար կապերի խթանման խնդիրներին: