Բարեգործական համերգ Շվեյցարիայում

13 հունիսի, 2012

Հունիսի 13-ին Ժնևի «Վիկտորիա Հալլ» համերգասրահում կայացավ հանրահայտ դաշնակահար Սերգեյ Բաբայանի բարեգործական համերգը, որը կազմակերպվել էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Պարենի համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ) և Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության կողմից համատեղ:

Բարեգործական համերգի արդյունքում հավաքված գումարը կուղղվի Հայաստանում ՊՀԿ կողմից իրականացվող ծրագրին` դպրոցներում աշակերտների համար անվճար սննդի ապահովման նպատակով:

Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պարենի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության ղեկավարները:

Միջոցառմանը ներկա էին նաև Ժնևի քաղաքապետը, միջազգային կազմակերպությունների, Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Տեղեկանք: ՊՀԿ-ն ամեն տարի 60 երկրներում մոտ 22 մլն. աշակերտների ապահովում է տաք սննդով: Հայաստանում ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող այս ծրագիրն ընդգրկում է մոտ 50.000 երեխա` հիմնականում անապահով ընտանիքներից:

Տպել էջը