Երևանում տեղի ունեցավ ԵՄ - Հայաստան "Մարդկանց միջև շփումների" ենթակոմիտեի նիստը
01 հունիսի, 2012Հունիսի 1-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների` «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը: Հայկական կողմից նիստը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ տիկին Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից` խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող պրն. Չեզարե դե Մոնտիսը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների և մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրեցին Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը և հայկական կողմի ակնկալիքները:
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները իրենց հերթին ներկայացրեցին ԵՄ քաղաքականության, երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները և գործիքները: Անդրադարձ կատարվեց Տեմպուս, Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտա-կրթական ծրագրերին, նորարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը: