Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի նախագահի և ԱԳ և էմիգրանտների հարցերով նախարարի հետ

07 մայիսի, 2012

Մայիսի 7-ին և 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի եւ ԱԳ և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ:

Քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Ընդգծվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականության պահպանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարությունների մանրամասները, որոնք նվիրված էին հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը որպես համաշխարհային գրքի 2012թ. մայրաքաղաք» հռչակելուն: Կարևորվել է Լիբանանի մշակույթի նախարարի և Բեյրութի քաղաքապետի ղեկավարած պատվիրակությունների մասնակցությունն անցկացված միջոցառումներին, ինչը, անկասկած, կնպաստի մշակութային հարաբերությունների խորացմանը և երկու քույր քաղաքներ ՝ Երևանի և Բեյրութի արդյունավետ համագործակցությանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Տպել էջը