Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդես Կահիրեում

03 մայիսի, 2012

Կահիրեում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մայիսի 3-ին կազմակերպել էր հանդիպում «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ինչպես նաև նրա հեղինակած «Հայոց ցեղասպանություն: Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» խորագրով գրքի արաբերեն երկրորդ հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին եգիպտահայ համայնքի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ:

Հանդիսության բացման խոսքում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը բարձր գնահատեց Հ.Սասունյանի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած ներդրումը և ծավալած հասարակական գործունեությունը: Ականավոր ցեղասպանագետ, հայագետ դոկտոր Մոհամեդ Ռեֆաաթ էլ-Իմամը, ով նաև գրքի նոր հրատարակության նախաբանի հեղինակն է, արժևորեց Սասունյանի աշխատությունը` որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող առկա կարևոր փաստաթղթերն ու հայտարարություններն ի մի բերելու և ընթերցողին ամփոփ ներկայացնելու ուշագրավ փորձ: Իր ելույթում Հարութ Սասունյանը քննադատեց Թուրքիայի վարած ժխտողականության քաղաքականությունը, անդրադարձավ ցեղասպանության ճանաչման գործընթացի արդի փուլի խնդիրներին:

Տեղեկանք: «Հայոց ցեղասպանություն: Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» գիրքը առաջին անգամ արաբերեն հրատարակվել է 2005թ. Բեյրութում Նորա Արիսյանի թարգմանությամբ: Արաբերեն երկրորդ հրատարակությունն իրականացվել է Եգիպտոսի Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախմբի նախաձեռնությամբ՝ այն եգիպտացի ընթերցողներին հասանելի դարձնելու նպատակով:

 

Տպել էջը