Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված ցուցահանդես Լիբանանում

29 ապրիլի, 2012

Ապրիլի 29-ին Բեյրութի կենտրոնում գտնվող Կապուցինների լատինական եկեղեցում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ և Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայազգի նախարարներ, խորհրդարանի անդամներ, Բեյրութի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ և անդամներ:

Եկեղեցում ցուցադրվեցին շուրջ 50 մեծ չափի պաստառներ՝ ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլիական եւ ռուսական ամենանշանավոր թերթերից և ամսագրերից, որոնք 20-րդ դարի սկզբին անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը լուսանկարների և հոդվածների տեսքով:

Ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ համերգ: Ելույթներով հանդես եկան «Արմաշ» և «Կռունկ» երգչախմբերը, Իզաբել Գայայանը՝ դաշնամուր, Զաքար Քեշիշյանը` շվի, Թամար Հովհաննիսյան՝ դաշնամուր, ջութակահարներ Աշոտ եւ Արմեն Ճենտերեջյանները:

Ապրիլի 30-ին եկեղեցում մատուցած Սուրբ պատարագին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային հարուստ նյութերին:

Տպել էջը