Դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին

23 ապրիլի, 2012

Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի հովանավորությամբ և նախաձեռնությամբ, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների աջակցությամբ Թբիլիսիում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործությունները:

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան, որը կատարվեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան երաժշտանոցի ուսանողների նվագակցությամբ:

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Անդրադառնալով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա խորհրդին` Սրբազան հայրը նշեց, որ դա բոլորին համախմբելու եւ անմարդկային խոշտանգումներով զոհված ու առանց շիրիմի և տապանաքարի մնացած հայերի հիշատակին աղոթք բարձրացնելու օր է:

Տպել էջը