ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Բրազիլիայում
16 ապրիլի, 2012«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին մասնակցելու համար Բրազիլիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 16-ին հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռույ Նոգեյրայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրազիլական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարվելիք այցը, հայ-բրազիլական տեխնիկական համագործակցությունը, երկկողմ հարբերությունները կարգավորող իրավական դաշտը:
Բրազիլական կողմի խնդրանքով Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ռույ Նոգեյրան հավաստիացրեց, որ Բրազիլիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի կրել, և իր երկիրը շարունակում է կիսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը:
Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վերա Մաշադույի հետ: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ գոհունակություն հայտնելուց հետո կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ:
Նույն օրը Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի փոխնախագահ Ռոզի դե Ֆրեյտասի հետ: Կողմերը շեշտեցին երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ամրապնդման, փոխադարձ այցելությունների ակտիվացման կարևորությունը: Հատուկ նշվեց բարեկամության խմբերի դերը: Այդ կապակցությամբ Ռոզի դե Ֆրեյտասը տեղեկացրեց, որ օրերս Բրազիլիայի խորհրդարանում պաշտոնապես վերակազմավորվել է «Բրազիլիա-Հայաստան» խումբը, որը գլխավորելու է հայազգի պատգամավոր, հանրահայտ դերասան Ստեփան Ներսիսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես անկասկած կվերակազմավորվի «Հայաստան-Բրազիլիա» խումբը և հավաստիացրեց ՀՀ ԱԳՆ աջակցությունն այդ հարցում: