Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգևատրվեց Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով

29 մարտի, 2012

Արգենտինյան Հանրապետության նախագահ Քրիստինա Ֆերնանդեսդե Կիրչների հրամանագրով Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգևատրվել է Ազատարար Աան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով: Այդ շքանշանն օտարերկրյա դիվանագետներին շնորհվող ամենաբարձր պետական պարգևն է:

Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության Սան Մարտին պալատում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արգենտինայի կառավարության պարգևը Հայաստանի դեսպանին հանձնեց ԱՀ արտաքին գերատեսչության փոխնախարար Էդուարդո Անտոնիո Զուայինը: Իր ելույթում նա բարձր գնահատեց դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ավանդն Արգենտինայի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, մասնավորապես կարևորեց վերջին տարիների ընթացքում մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը և կարևոր նշանակություն ունեցող միջպետական պայմանագրերի ստորագրումը:

Իր շնորհակալական խոսքում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց, որ արգենտինական բարձր պարգևն ընդունում է որպես Հայաստանի և Արգենտինայի միջև գերազանց հարաբերությունների և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության գնահատական:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բուենոս Այրեսում և կվերադառնա Երևան:

Տպել էջը