Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները

16 մարտի, 2012

Ս/թ փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերենի դասընթացները:

Այն հնարավոր եղավ Հայաստանի եւ Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ: Թեեւ կազմակերպական եւ տեխնիկական պատճառներով դասընթացները վերսկսում են 2011-2012թթ. ուստարվա երկրորդ կիսամյակից, հայոց լեզվի դասավանդումը հետաքրքրություն է առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:

Հայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, նեոհունարենի եւ հունգարոլոգիայի, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում: Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը:

Նա հեղինակ է հայերենը որպես օտար լեզու դասավանդման մեթոդիկայի`«Կռունկ Հայաստանի» քառահատոր դասագրքի, որով Բուխարեստի համալսարանում ընթանում է հայերենի ուսուցումը:

Դոկտ. Մարկոսյանը պատրաստվում է հայերեն ուսուցանել նաեւ արտահամալսարանական կարգով, ռումինահայ համայնքի մեծահասակ խմբերի եւ այլ ցանկացողների համար:

Տպել էջը