«Սուրբ Սերվատես հայը» խորագրով սիմպոզիում Մաստրիխտում

10 մարտի, 2012

Մարտի 10-ին Մաստրիխտ քաղաքում Նիդերլանդների «Անի» կազմակերպության կողմից կազմակերպվել էր սիմպոզիում` նվիրված սուրբ Սերվատեսի հիշատակին: «Սուրբ Սերվատես հայը» խորագրով միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձավ սուրբ Սերվատեսի ժառանգությանը` որպես հոլանդական հասարակության մեջ քրիստոնեության և քրիստոնյա արժեքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնավորմանն ու հետագա տարածմանը, հայկական համայնքի ձևավորմանն ու հոլանդական պատմության մեջ ունեցած դերակատարությանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակությանը: Խոսելով հայ-հոլանդական կապերի մասին` ՀՀ դեսպանը նշեց. «Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ` հայ-հոլանդական հարաբերությունները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջև հարաբերություններից վերածվելով երկու պետությունների միջև հարաբերությունների: Մենք մեր նախնիներից դեռ շատ բան ունենք սովորելու, թե ինչպես ամուր տնտեսական կապեր ձևավորենք, սակայն հիմքերն արդեն դրված են. կա արդեն նշանակալից ժառանգություն ստացած համայնք, որը դեռևս պետք է լիովին գիտակցի դրա կարևորությունը և յուրացնի այն»: Նա շեշտեց, որ սուրբ Սերվատեսի ջանքերն պտուղ են տվել, որոնք «այսօր ծաղկում են` խոստանալով ընդլայնել բարեկամությունն ու համագործակցությունն երկու ժողովուրդների միջև` ի վկայություն այն անժխտելի ներդրումի, որ հայ սուրբն ունեցել է հոլանդական հասարակության մեջ: Մենք պարտավոր ենք սնել այն և հնարավորություն տալ ամբողջ ներուժով դրսևորվելու»:

Սիմպոզիումին մասնակցում էր նաև Նիդերլանդների Իմիգրացիայի, ինտեգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Խերտ Լիրսն, ով իր ելույթում անդրադարձավ հոլանդական հասարակության մեջ հայ համայնքի ներդրումին և առկա խնդիրներին: Նրան նվիրվեց դոկտոր Եվադյանի հեղինակած «Սուրբ Սերվատես հայը» գրքի առաջին օրինակը:

Սիմպոզիումին ընդարձակ ելույներով հանդես եկան դոկտոր Ռեգիս դե լա Հայեն, դոկտոր Մաքսիմ Եվադյանը /Լիոնի համալսարան/, դոկտոր Թեո ֆան Լինտը /Օքսֆորդի համալսարան/, դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը /Լեյդենի համալսարան/, դոկտոր Հերման Տյուլեն /Նայմեխենի համալսարան/, ովքեր իրենց ելույթները նվիրեցին սուրբ Սերվատեսի կյանքի ու ծագումնաբանության շուրջ ուսումնասիրությունների, հայ գրականության, Նիդերլանդներում հայ համայնքի պատմության, Մերձավոր արևելքում քրիստոնյաների խնդիրների ներկայացմանը: Հայ բանաստեղծների գործերի թարգմանությամբ ելույթ ունեցավ դոկտոր Անթոնի Հոլսլախը:

Միջոցառման երաժշտական հատվածում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Հարությունյանի, Կանաչյանի և այլոց գործերի կատարումներով հանդես եկան սոպրանո Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարա Բադալյանը, և թավջութակահար Միքայել Գրիգորյանը:

Սիմպոզիումին ներկա էին նաև Լիմբուրգի նահանգապետ Թեո Բովանսը, փոխքաղաքապետ Ժակ Կոստոնյը, խորհրդարանականներ, հայ եկեղեցու և հոլանդական հոգևոր դասի, հոլանդական հասարակական ու գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը