Դեսպան Կարմիրշալյանի հանդիպումը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարի հետ

16 փետրվարի, 2012

Փետրվարի 16-ին ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրիի հետ, որի ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցել հայկական կողմի պաշտոնական հրավերը` մասնակցելու ապրիլի 22-23-ին Երևանում կայանալիք հոբելյանական միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500 ամյակին և 2012 թվականին Երևանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակմանը :

Արգենտինայի մայրաքաղաքի ղեկավարը գոհունակությամբ է ընդունել հրավերը և նշել, որ Բուենոս Այրեսի պատվիրակության այցելությունն Երևան կարևոր խթան կհանդիսանա այս երկու քույր քաղաքների միջև համագործակցության կապերի ամրապնդման համար:

Նկատի ունենալով, որ մինչև 2012թ. ապրիլի 21-ը գրքի միջազգային մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է, դեսպան Կարմիրշալյանն ու քաղաքապետ Մաուրիսիո Մակրին կարևորել են, որ առաջին անգամ մեկ քաղաքից մյուսին այդ տիտղոսի փոխանցման արարողությունը կատարվելու նման հանդիսությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանավորությամբ, ՀՀ կառավարության, հանձնող ու ընդունող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:

Նախօրեին` փետրվարի 15-ին, դեսպան Կարմիրշալյանը հանդիպում էր ունեցել Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդիի հետ և նրա հետ քննարկել են արգենտինական պատվիրակության` Երևանում կայանալիք միջոցառումներին ակտիվ մասնակցության հնարավորությունները:

Տպել էջը