Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված խորհրդաժողով

15 փետրվարի, 2012

Փետրվարի 15-ին Թեհրանի պետական համալսարանում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ և սահմանակից երկրների գլխավոր վարչության, Թեհրանի համալսարանի Կովկասագիտության ուսումնասիրությունների կենտրոնի և Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի` Հուսկի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով` նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են ԻԻՀ մեջլիսի ներկա և նախկին պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Թեհրանի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, իրանահայ համայնքի անդամներ և լրագրողներ:

Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի կապակցությամբ:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ և սահմանակից երկրների գլխավոր վարչության պետ Մոհամմադռեզա Մորշեդզադեն, Թեհրանի համալսարանի պրոռեկտոր Աբդոլռեզա Սեյֆը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի համալսարանի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ԻԻՀ մեջլիսի նախկին պատգամավոր տիկին Էլահե Քուլայեն, Իրան-Հայաստան առևտրի տան նախագահ Լևոն Ահարոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:

Ելույթ ունեցողները բարձր են գնահատել երկու բարեկամ և հարևան երկրների 20-ամայա հարաբերությունները` նշելով, որ բազմաբնույթ համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը հասել է գործնական և փոխշահավետ բարձր մակարդակի, ինչը ներկայումս արագ եւ վերընթաց զարգացում է ապրում:

Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Գառնիկ Բադալյանի Հայաստան-Իրան հարաբերությունները 20 տարեկան են գիրքը:

Սեմինարի շրջանակներում տեղի է ունեցել իրանահայ գրող, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի արևմտահայ բանաստեղծ Զահրատի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը:

Տպել էջը