ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրենին
24 հունվարի, 2012Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:
Քննարկվեցին նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները և փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները:
Գեներալ-մայոր Բրանկոն, անդրադառնալով Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին գործընկեր երկրների ներգրավմանը, երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: