Հայ-ռուսական երկկողմ խորհրդատվություններ ՌԴ ԱԳՆ-ում

23 դեկտեմբերի, 2011

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ ՌոբերտԱնանյանը:

Կողմերը քննարկեցին արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադառնալով միջազգային ռեժիմների շրջանակներում բազմակողմ և երկկողմ համագործակցության առավել արդյունավետ իրականացման եղանակներին: Հատուկ ուշադրության արժանացան ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի իրագործմանը միտված հնարավոր համատեղ քայլերը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց ԵՍԶՈւ պայմանագրի վերանայման և նրա լիարժեք իրականացումն ապահովելու հեռանկարներին: Կողմերը ներկայացրին իրենց նկատառումները` կապված Զենքի առևտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ կապված:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման խորհրդատվությունները պարբերաբար անցկացնելու շուրջ:

Տպել էջը