«Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողով Երեւանում
17 դեկտեմբերի, 2011Դեկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված 10 դպրոցների շուրջ 60 աշակերտ մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրագործված «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովին, որը կրում էր «Երեխաները հանուն միջմշակութային երկխոսության» խորագիրը:
Խորհրդաժողովը կայացավ Երեւանի պետական համալսարանի Պալյանների դահլիճում: Այն ներկայացնում էր ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի խորհրդաժողովի նմանակումը, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպանների դերում եւ քննարկեցին կազմակերպության, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգի երկու կարեւորագույն թեմաներ.
• Կրթություն հանուն կայուն զարգացման. հանդուրժողականության ուսուցում
• Մարդու իրավունքներ. երեխաների թրաֆիքինգ
Խորհրդաժողովին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների տնօրենները եւ համակարգող ուսուցիչները: Գլխավոր խորհրդաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը, ինչպես նաեւ ընթերցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից ստացված ուղերձը:
Խորհրդաժողովի նախագահի ողջույնի խոսքից հետո սկսվեց Տնտեսական եւ սոցիալական խորհրդի լիագումար նիստի նմանակումը, որի ընթացքում անդամ երկրների «դեսպանները» հանդես եկան պաշտոնական հայտարարություններով: Լիագումար նիստին հետեւեցին քննարկումները համապատասխան կոմիտեներում: Դրանք ի հայտ բերեցին խորհրդաժողովի մասնակիցների հարուստ գիտելիքները ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Տնտեսական եւ սոցիալական խորհրդի եւ դրա ընթացակարգերի, այլեւ ՄԱԿ-ի անդամ երկրների պատմության, մշակույթի, աշխարհագրության, արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Խորհրդաժողովի ավարտին ընթերցվեցին երկու կոմիտեներում ընդունված հայտարարությունները, որից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ազգային համակարգող Ստելլա Մելքոնյանը եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ մրցանակների շնորհման արարողություն: