ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվություններ Երեւանում

02 դեկտեմբերի, 2011

2011թ. ԱՊՀ շրջանակներում արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների ծրագրի համաձայն` դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդատվություններ:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին տարբեր ձեւաչափերով եւ ուղղություններով ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, համագործակցությունը սննդի անվտանգության բարձրացման, բեռների եւ էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրումների, աշխատանքային միգրացիայի եւ աշխատող միգրանտների սոցիալական պաշտպանության ոլորտներում:

Քննարկվեց եւ հաստատվեց 2012թ. ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդատվությունների ծրագրի նախագիծը:

Մասնակիցների կողմից ԱՊՀ Գործադիր կոմիտեին առաջարկվեց ծրագրի նախագիծը ընդունված կարգով ներկայացնել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի հավանությանը:

Երեւանում տեղի ունեցած խորհրդակցությունների շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Տպել էջը