Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փոխնախագահին

04 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Երեւան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում ՎԶԵԲ-ի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը` ասելով, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի դերը գնահատելի է ՀՀ տնտեսական, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՎԶԵԲ փոխնախագահը նշեց, որ վերջին քսան տարվա ընթացքում ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է շուրջ 100 ծրագիր՝ 600 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ՝ բանկային համակարգի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, ագրոհատվածի եւ վերամշակող արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներում: Յան Ֆիշերի խոսքերով այդ իրականացված ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ ՎԶԵԲ-ը շարունակելու է օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ համագործակցության հետեւողական իրագործման ապահովումը, այդ փոխգործակցության արդյունավետության առավել բարձրացման նպատակով քայլերի ձեռնարկումը:

Հյուրերի խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Տպել էջը