Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրենի հետ
04 նոյեմբերի, 2011Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Գործադիր տնօրենը, ողջունելով դեսպան Արման Կիրակոսյանին, ներկայացրեց ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նպատակները, անդրադարձավ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ մակարդակներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Մշտական ներկայացուցիչ դեսպան Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել ու էլ ավելի զարգացնել համագործակցությունը կազմակերպության հետ:
Կողմերը քննարկեցին թմրամիջոցների, կոռուպցիայի, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ հայտնեցին իրենց շահագրգռվածությունը նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: