Հանդիպում Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոյի հետ
02 նոյեմբերի, 2011Նոյեմբերի 2-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանին ընդունեց Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Ճապոնիայի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացման հեռանկարները, ընդգծվեց երկու երկրների քաղաքական շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Առանձին ուշադրության արժանացավ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ 2012թ. ընթացքում կայանալիք միջոցառումների, քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ուղղվածությամբ համատեղ ծրագրերի իրականացման հարցը:
Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Էտոյի հավաստմամբ` երկրի քաղաքական շրջանակները բարձր են գնահատում Հայաստանի հետ Ճապոնիայի հարաբերությունները եւ երախտագիտությամբ են ընդունել մարտին տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից հետո ՀՀ կառավարության եւ Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցությունը: