Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի արտաքին գործերի եւ արդյունաբերության նախարարների հետ

01 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Համոզմունք է հայտնվել, որ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացումը որակական նոր մակարդակի կհասցնի երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Բարձր են գնահատվել վերջերս Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի Հայաստան կատարած այցի արդյունքները: Նախարար Մանսուրը կարեւորել է հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:

Նոյեմբերի 2-ին դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսկան հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների փոխադարձ այցելությունների կազմակերպման, գործարար համաժողովների անցկացման, առեւտրատնտեսական պալատների սերտ համագործակցության կարեւորությունը: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները:

Տպել էջը