ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
25 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին 2 տասնյակից ավելի կոնգրեսականներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ:
Կոնգրեսականներն իրենց ելույթներում շնորհավորեցին Հայաստանի անկախության 20-ամյակը եւ դրվատեցին Հայաստանի` անկախ պետականության կերտման ճանապարհին արձանագրած նվաճումները: Նրանք միաժամանակ վստահեցրին, որ շարունակելու են իրենց գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության ծավալները մեծացնելու ուղղությամբ:
Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր մարմիններին Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից ցուցաբերած աջակցության համար: Հայաստանի դեսպանը ընդգծեց Կոնգրեսի հայանպաստ խմբի մեծ դերը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին թե բարոյական եւ թե նյութական օգնություն տրամադրելու հարցում:
Դեսպան Մարգարյանը կոնգրեսականներ Հովարդ Բերկամին եւ Ադամ Շիֆին հանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալները:
Միջոցառման վերջում ցուցադրվեց Հայաստանի անկախությանը նվիրված համառոտ տեսաֆիլմ: Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: