Հանդիպում ռումին քաղաքապետերի հետ ՀՀ դեսպանությունում
24 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 24-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում ռումին քաղաքապետերի հետ, ովքեր Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ճանաչողական այցով նույն օրը մեկնում էին Հայաստան:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանը եւ Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:
Դեսպան Համլետ Գասպարյանը ռումին քաղաքապետերին ներկայացրել է այն կարեւորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է գործընկեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների եւ համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի եւ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, զբոսաշրջության եւ տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը:
Իր հերթին ռումինական կողմը նշել է, որ Ռումինիան, որը բավականին հարուստ փորձ է կուտակել ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում, հետաքրքրված է Հայաստանի հետ նմանօրինակ կապեր հաստատելու գործում` մասնավորապես հաշվի առնելով Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական զբոսաշրջությունն ու իրականացնել տարբեր ծրագրեր:
Սա ռումին քաղաքապետերի առաջին այցն է Հայաստան: Խմբի մեջ ընդգրկված են Պիտեշտի (Pitesti) քաղաքապետ Թուդոր Պենդիուկը (Tudor Pendiuc), Ֆոկշանի (Focsani) փոխքաղաքապետ Բոգդան Մատիշանը (Bogdan Matisan), Ռոմանի (Roman) քաղաքապետ Լաուրենցիու Լեորեանուն (Laurentiu Dan Leoreanu), Գեռլայի (Gherla) քաղաքապետ Օվիդիու Դրագանը (Ovidiu Ionel Dragan), Դումբրավենի (Dumbraveni) քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն (Irimie Georgeta) եւ Ֆրումոասայի (Frumoasa) քաղաքապետ Տիբոր Ֆերենցը (Ferencz Tibor):
Ռումին քաղաքապետները Երեւանում հանդիպումներ են ունենալու ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավարության հետ, այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հաջորդ օրերին ուղեւորություններ են կատարելու Տավուշի եւ Շիրակի մարզեր, ուր մարզային եւ Դիլիջանի ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ քննարկելու են հավանական կապերի հաստատման հնարավորությունները: