Երեւան-Պրիշտինա եւ Երեւան-Մազարե-Շարիֆ հեռուստակամուրջներ ՀՀ ԱԳՆ-ում

19 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար:

Հեռուստակամուրջի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը եւ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանները բարձր գնահատեցին հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնեցին Հայաստանին միջազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ՀՀ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ գնդապետ Տոնոյանը հակիրճ ներկայացրեց հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում:
Այնուհետեւ ուղիղ կապի միջոցով միմյանց ջերմորեն ողջունեցին եւ մաղթանքներ փոխանակեցին հայ սպաներն ու զինվորները եւ նրանց մերձավորները:

Տպել էջը