Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Լացիո նահանգ

19 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 19-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը այցելեց Լացիո նահանգի Չիվիտավեկկիա /Civitavecchia/ քաղաքը, որը հանդիսանում է Իտալիայի կարեւորագույն ծովային նավահանգիստներից մեկը:

Այցի շրջանակներում ՀՀ դեսպանն այցելեց քաղաքում գտնվող եւ նահանգի միակ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան» տիտղոսը կրող Անտոնիո դե Կուրտիսի անվան միջնակարգ դպրոց: Հատկանշական է, որ ընթացիկ տարում Չիվիտավեկկիայի դպրոցի «քույր դպրոց» էր հայտարարվել Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը:

Հանդիպմանն աշակերտները պատրաստել էին երաժշտական ծրագիր, որից հետո Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքապետ Ալեսսանդրո Բատտիլոկիոն /Alessandro Battilocchio/ ներկայացրեց ընթացիկ ամռանը Երեւան այցելության տեսանյութը:

Դեսպանը դպրոցի սաներին փոխանցեց իրենց Երեւանի ընկերների ողջույնները եւ խոստացավ բարեկամությունը սերտացնելու նպատակով փախայցելություններ կազմակերպել` հատուկ շեշտելով մանկական հասակում հաստատված ընկերության ամրությունն ու առավելությունը, որը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Դեսպանը դպրոցականներին տեղեկացրեց, որ Հայաստանում դպրոցներում որպես ուսումնական ծրագիր ընդգրկվել է ճատրակը, որը աշխարհի ամենահին եւ իմաստուն խաղերից մեկն է, եւ դա հաշվի առնելով` Ռուբեն Կարապետյանը դպրոցին նվիրեց Հայաստանի քարերից պատրաստված ճատրակ:

Այնուհետեւ դեսպանը այցելեց Լացիո նահանգի Տոլֆա /Tolfa/ քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Լուիջի Լանդիի /Luigi Landi/ հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման հիմք:

Տպել էջը