Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

19 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բերնսին, որը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների եւ հանդիպումների հաճախակիությունը լրջորեն նպաստել է հայ-ամերիկյան ավանդաբար բարեկամական գործընկերության ամրապնդմանը, որն այսօր որակապես նոր մակարդակի վրա է գտնվում:

«Ես ուրախ եմ այս հնարավորությանը` շարունակելու մեկ ամիս առաջ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Նյու-Յորքում կայացած մեր օգտակար զրույցը», ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի բնորոշմամբ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխգործակցության դինամիկայի աճն ու քննարկվող հարցերի բովանդակության ընդլայնումը համատեղ աշխատանքի արդյունավետության ապացույցն են:

Փոխպետքարտուղար Բերնսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ հաստատված բարեկամական գործընկերությունը եւ նպատակադրված են շարունակելու համակողմանի փոխգործակցության զարգացումը, երկխոսությունը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի լայն շրջանակի, տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերին, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերին:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի քննարկման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար արտահայտվող դիրքորոշումները ոչ միայն հակասում են, այլեւ հաճախ հակադրվում են եռանախագահող երկրների նախագահների կողմից բազմիցս արված հայտարարություններին եւ խաղաղ գործընթացի տրամաբանությանը:

Այս առումով Ուիլիամ Բերնսը նշեց, որ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության ապահովումը եւ տարածաշրջանի երկրների միջեւ փոխհարաբերությունների կարգավորումը մշտապես գտնվել են ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Փոխպետքարտուղար Բերնսը հավելեց նաեւ, որ առկա վեճերի եւ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղ ճանապարհն է:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցել այդ գործընթացին:

Տպել էջը