ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղարին

18 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Պաշտոնական արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրեց Հայաստանում ընթացող գործընթացները եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստան-ԵԽ համագործակցությունը հստակ ծրագրերի հաստատման ու իրականացման տեսանկյունից: Խոսելով ԵԽ-ում ընթացող բարեփոխումների մասին` դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանն, ինչպես եւ անցյալում, պատրաստ է աջակցել Գլխավոր Քարտուղարին ԵԽ բարեփոխումների գործընթացում:

Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ գործընթացներում եւ գոհունակությամբ նկատեց, որ Հայաստանի ընկալումները ԵԽ բարեփոխումների եւ Հայաստան-ԵԽ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համընկնում են իր մոտեցումներին եւ պատկերացումներին: Նա նաեւ ընդգծեց, որ կազմակերպության նպատակն է ծառայեցնել կուտակած փորձագիտական ներուժն ի նպաստ անդամ պետությունների կարիքների:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԵԽ հետ այլ միջազգային կազմակերպությունների համագործակցության զարգացման առկա խնդիրները եւ հեռանկարները:

Տպել էջը