ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում

15 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 15-ին Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Ներկաների առաջ ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Խոսելով հայ ժողովրդի դարավոր երազանքի` անկախության ձեռքբերման եւ դրա խորհրդի մասին` նա ներկայացրեց անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, այն տնտեսական եւ քաղաքական դժվարությունները, որոնք կարողացավ հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` գտնվելով շրջափակման եւ պատերազմական իրավիճակում, հայ ժողովրդի համախմբման ու միասնական պայքարի միջոցով:

Կարեւորելով Սփյուռքում հայապահպանության խնդիրը, դեսպանը համայնքային կառույցի անդամներին կոչ արեց ուշադրության կենտրոնում պահել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ հայերենով կրթությունն ապահովելու հարցերը:

Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի, երաժշտության եւ հայ պոետների բանաստեղծությունների կատարմամբ հանդես եկան համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները:

Երեկոն եզրափակեց «Կարոտ» պարային համույթը:

Տպել էջը