Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահին
13 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Կլամարի քաղաքապետ, Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Կալտենբախին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան կապված են բարձր մակարդակի առանձնաշնորհյալ հարաբերություններով, որի վկայությունն է սեպտեմբերի վերջին Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելությունը Ֆրանսիա եւ հոկտեմբերի սկզբին Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցելությունը Հայաստան:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, արված շեշտադրումներն ու հայտարարությունները լավ հիմք են հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար:
Ֆիլիպ Կալտենբախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իր գլխավորած պատվիրակության այցի նպատակները. Երեւանի հետ տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ծավալումը, Կլամարի քույր քաղաք Արտաշատի հետ փոխգործակցության նոր համաձայնագրի ստորագրումն ու քաղաքի 2200-րդ ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: