ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հրաժեշտի հանդիպումները Ավստրիայում

13 հոկտեմբերի, 2011

Ավստրիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Աշոտ Հովակիմյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Հայնց Ֆիշերի, նախագահի Եվրոպական եւ միջազգային հարցերով խորհրդական, դեսպան Հելմուտ Ֆրոյդենշուսի, Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարարության պետական քարտուղար Վոլֆգանգ Վալդների, գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեի եւ քաղաքական տնօրենի պաշտոնակատար Ֆրանց Յոզեֆ Կուգլիչի հետ:

Հանդիպումների ընթացքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում ծավալած արդյունավետ գործունեության համար` գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները նրա դիվանագիտական առաքելության վեց տարիների ընթացքում եւ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափերում ակտիվ զարգացում են ապրել:

Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Դաշնային նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայնց Ֆիշերը գոհունակություն է հայտնել հայ-ավստրիական հարաբերությունների վերջին տարիների զարգացման առնչությամբ` նշելով, որ Ավստրիայի հետաքրքրությունը Սեւծովյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանում աճում է, ընդ որում, ոչ միայն տնտեսական բնագավառում, այլեւ հաշվի առնելով ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը Հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն ապահովելու տեսանկյունից:

Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարաբերությունների դաշնային նախարարությունը դեսպան Հովակիմյանի առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԵԱՀԿ եւ Վիեննայում միջազգային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Տպել էջը