ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հրաժեշտի հանդիպումները ԵԱՀԿ-ում, Հունգարիայում եւ Սլովակիայում
11 հոկտեմբերի, 2011ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի կարգավիճակով Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 7-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ մշտական ներկայացուցչին ընդունեց ՕՊԵԿ-ի Զարգացման հիմնադրամի /OFID/ գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշը:
Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 4-ին հանդիպումներ է ունեցել Հունգարիայի նախագահ Պալ Շմիտի, խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի եւ ԱԳ նախարարության պետքարտուղարի տեղակալ Պետեր Շտարայի հետ:
Հանդիպումների ընթացքում հունգարական կողմն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել դեսպան Հովակիմյանին Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնում ծավալած արդյունավետ գործունեության համար` նշելով, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունները այդ տարիների ընթացքում դինամիկ զարգացում են ապրել եւ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափերում:
Նախագահ Պալ Շմիտը բարձր գնահատեց դեսպանի դերը վերջին հինգ տարիների ընթացքում հայ-հունգարական հարաբերությունների դինամիկ զարգացման եւ ամրապնդման գործում: Նախագահ Շմիտը նշեց, որ մեծ նշանակություն է տալիս ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացմանը, եւ այդ շրջանակներում ակնկալում է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացում:
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ձեւավորված հարաբերությունների առնչությամբ, ինչպես նաեւ պարոն Հովակիմյանին պարգեւատրեց Հունգարիայի խորհրդարանի հուշամեդալով` ի նշան հայ-հունգարական խորհրդարանական համագործակցության ընդլայնման:
Սլովակիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 5-ին Բրատիսլավայում հանդիպումներ է ունեցել Սլովակիայի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ դեսպան Յան Շոթի, ԱԳ նախարարության պետքարտուղար Միլան Եժովիցայի եւ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վարչության պետ Մարիան Յակուբոցիի հետ:
Հանդիպումների ընթացքում սլովակյան կողմը բարձր է գնահատել Աշոտ Հովակիմյանի` Սլովակիայում ՀՀ դեսպանի պաշտոնում ծավալած արդյունավետ գործունեությունը` նշելով, որ Հայաստանի դեսպանն իր լուրջ ներդրումն է ունեցել տարբեր ձեւաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Սլովակիայի Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Յան Շոթը Հայաստանի դեսպանին հայտնել է, որ իր երկիրը կարեւորում է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունը: