Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Լիբանանում
07 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 7-ին Բեյրութի Ս. Ժոզեֆ եկեղեցում Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Երեկոն բացել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին` նա բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում, հայտնել է ՀՀ կառավարության երախտագիտությունը Լիբանանի մշակույթի նախարարությանը և Բեյրութի կոնսերվատորիային աջակցության համար: Միջոցառմանը հնչեցին ՀՀ ազգային օպերայի և ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարած Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացառիկ կատարումները հայաստանցի մենակատարների` միջազգային մրցույթների դափնեկիրներ Անուշ Նիկողոսյանի )ջութակ( և Կարինե Հովհաննիսյանի )քանոն) մասնակցությամբ:
Երեկոյի ընթացքում, որին ներկա էին Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հնչել են Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի և Գրիգոր Յեղիազարյանի ստեղծագործությունները: