Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Վենետիկ

04 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 3-4-ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Վենետիկում` դեկտեմբերին քաղաքի երեք կենտրոնական թանգարաններում Հայաստանի եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» խորագիրը կրող կայանալիք ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Այցելության առաջին օրը դեսպան Կարապետյանը հանդիպեց Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնիի /Giorgio Orsoni/ հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց դեկտեմբերին կայանալիք ցուցահանդեսի կազմակերպումը, որը երկուստեք գնահատվեց որպես մշակութային կապերի խթանմանն ուղղված օրինակելի ձեռնարկ:

Զրուցակիցները ընդգծեցին հայ-վենետիկյան պատմական առնչությունների բացառիկ բնույթը եւ այդ երբեմնի հզոր կապերի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեց Երեւանի եւ Վենետիկի միջեւ համագործակցության հնարավորությունը:

Դեսպան Կարապետյանը եւ քաղաքապետ Օրսոնին պայմանավորվածություն ձեռք բերեցին ցուցահանդեսի բացմանը զուգահեռ Վենետիկի կենտրոնական Սան Մարկո տաճարում կազմակերպել հայ հոգեւոր երաժշտության համերգ:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 4-ին դեսպան Կարապետյանը ելույթ ունեցավ Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» խորագիրը կրող աշխատանքային համաժողովի բացմանը, որը կազմակերպել էին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամը, Իտալիայի Վենետո մարզն ու Վենետիկի առեւտրի պալատը:

Ռուբեն Կարապետյանը հայկական եւ իտալական զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին կոչ արեց ակտիվացնել գործունեությունը երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ եւ գոհունակությամբ նշեց վերջին տարիներին Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացման փաստը:

ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց նաեւ զբոսաշրջության ոլորտում Հայաստան-Վենետո համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ տեղեկություններ հաղորդեց դեկտեմբերին Վենետիկում Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» կայանալիք ցուցահանդեսի վերաբերյալ, որն ազդարարելու է հոբելյանական տարվա մեկնարկը:

Նույն օրը դեսպանը հանդիպումներ ունեցավ Վենետիկի քաղաքային եւ Վենետոյի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելեց Սուրբ Ղազար կղզի, ուր Մխիթարյան միաբանության աբբահոր Հայր Եղիա Քիլաղբյանի հետ քննարկեց դեսպանության եւ Միաբանության համագործակցության, ինչպես նաեւ դեկտեմբերին կայանալիք համահայկական կարեւորություն ունեցող ցուցահանդեսին Միաբանության մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:

Տպել էջը