ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համերգ Նիդերլանդներում

01 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 1-ին Հաագայի հայտնի «Դոկտոր Անտոն Ֆիլիպսզալ» համերգասրահում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից հոլանդահայ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի, պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ եւ հայ համայնքի անդամներ:

Տոնական համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում անդրադարձավ անկախ Հայաստանի պետականության կայացման գործընթացին եւ այդ դժվարին ճանապարհին արձանագրված ձեռքբերումներին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Սփյուռքին եւ միջազգային գործընկերներին ու բարեկամներին, որոնց օժանդակությունն անգնահատելի է եղել այդ հաջողությունները գրանցելիս: Դեսպան Աղաջանյանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Հայաստանի անկախության քսանամյա հոբելյանը նշվում է անկախության սերնդի ներկայացուցիչների կատարմամբ, ովքեր հայ ժողովրդի հոգեւոր եւ բարոյական արժեքների կրողն ու հայկական արվեստի ավանդույթների շարունակողն են:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ մեներգիչ Գեւորգ Հակոբյանի կողմից հնչեցին հայ եւ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Տպել էջը