ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ուրուգվայում
28 սեպտեմբերի, 2011Սեպտեմբերի 28-ին Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի եւ Ուրուգվայում ՀՀ պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի անունից կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ՀՀ դեսպանին եւ ՀՀ պատվո հյուպատոսին իրենց շնորհավորանքները հայտնել են Ուրուգվայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դիեգո Կանեպան, Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Մարիա Սալա Ռիվերոն, Ուրուգվայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ պատվո հյուպատոսներ:
Ընդունելությանը ներկա էին երկրի կրթական եւ մշակութային ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ուրուգվայահայ կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ՀՀ դեսպանին շնորհավորական ուղերձ էին հղել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան եւ Ազգային սենատի նախագահ Դանիել Աստորին:
Մոնտեվիդեոյում կայացած հանդիսության ընթացքում երկրի Պետական փոստի նախագահ Սոլանժ Մորեյրան եւ ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը կատարեցին Հայաստանի 20-ամյակին նվիրված փոստային կնիքի մարման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանն ելույթներ ունեցան դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀՀ պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Պետական փոստի նախագահ Սոլանժ Մորեյրան, Զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը:
***
Սեպտեմբերի 27-29-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեոյում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը առանձնազրույցներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լուիս Լակաժեյի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ:
Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ սեպտեմբերի 27-ին ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին սեպտեմբերի 29-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն:
ՈւԱՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Դեսպան Կարմիրշալյանը վերահաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Լուիս Ալմագրոյին` այցելել Երեւան: