Միջազգային գիտաժողով Եգիպտոսում

27 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքները սկսեց «Մերձավոր Արեւելքի երկրներում եւ լեզուներով տպագրության եւ հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում են 75 մասնագետներ` ժամանած աշխարհի մոտ 20 երկրներից, այդ թվում` Եգիպտոսից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Հորդանանից, Լիբանանից, Մարոկկոյից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլն:

Հաշվի առնելով 2012թ. հայ գրատպության 500-ամյա հոբելյանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը` գիտաժողովի շրջանակներում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ:

Գիտաժողովի հանդիսավոր բացումը կատարեցին Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եւ տպագրությանը ու հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը:

Գրադարանի տնօրեն Ի. Սերագելդին իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի անցած պատմական ուղուն, հայ-եգիպտական ջերմ, ավանդական կապերին` ուշագրավ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Եգիպտոսի պատմության որոշակի փուլերի միջեւ: Նա հատուկ ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ հայերն ունեցել են Եգիպտոսում տպագրության զարգացման գործում` միաժամանակ արժեւորելով աշխարհասփյուռ հայերի նշանակալից ներդրումը իրենց բնակության երկրների գիտամշակութային կյանքում:

Դեսպան Մելքոնյանն իր խոսքում ՀՀ մշակույթի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին` հայկական թեմային կենտրոնական տեղ հատկացնելու համար, անդրադարձավ հայատառ գրատպության 500-ամյակի ու Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող լայնածավալ միջոցառումներին:

Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստերը նվիրված էին հայկական գրատպության ավանդույթին եւ պատմությանը: Առաջին նիստում, որում նախագահում էր դեսպան Ա.Մելքոնյանը, զեկույցներով հանդես եկան Ե.Չարենցի գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, ինչպես նաեւ անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը եւ Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող դոկ. Մուստաֆա Էլ-Ռազզազը: Հայկական թեման երկրորդ նիստում շարունակվեց եգիպտահայ Սուրեն Բայրամյանի եւ մի քանի այլ եգիպտացի գիտնականների զեկույցներով:

Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաեւ Հայաստանի երկու կարեւորագույն գիտամշակութային հաստատությունների՝ Մատենադարանի եւ Գրականության ու արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես: Այստեղ ներկայացված են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (Մադրաս 1772 թ), Ամստերդամում 1666թ տպագրված «Աստվածաշունչ», Եփրեմ Խուռի Ասորի «Գիրք աղօթից» (1793-95թթ Կ. Պոլիս), Գրիգոր Նարեկացու` 1763թ-ին Վենետիկում լույս տեսած «Բանք աղօթից» եւ այլ բացառիկ հրատարակություններ:

Տպել էջը