Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Բաթումիում

26 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 24-26-ը Բաթումիում Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:

ՀՀ Սփյուռքի նախարարության եւ «Աջարահայերի միության» նախաձեռնությամբ Հայաստանից ժամանած հեռուստատեսային մրցույթների դափնեկիր երիտասարդ արվեստագետները սեպտեմբերի 24-ին Բաթումիում հանդես եկան հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալու հայկական ժողովրդական նվագարաների պատմությանը:

Սեպտեմբերի 25-ին Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցում պատարագին հաջորդեց տեղի «Մեր Ապագան» երիտասարդական կազմակերպության գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին: Ցերեկույթին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Բաթումիի կիրակնօրյա դպրոցի սաները:

Հոբելյանին նվիրված հիմնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 26-ին Բաթումիի «Բարեկամության տանը»: Հանդիսավոր երեկոյին մասնակցում էին իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ բազմաթիվ աջարահայեր:

Գեղարվեստական համարները եւ Հայաստանի մասին պատմող տեսադրվագները ընդմիջվում էին ողջույնի եւ շնորհավորանքի խոսքերով, որոնցով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «Աջարահայերի միության» եւ «Վրաստանը մեր տունն է» նորաստեղծ հայկական կազմակերպության, «Բարեկամության տան» եւ տեղի ռուսական, հրեական, հունական համայնքների ղեկավարները:

Տպել էջը