Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Իրանում

25 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 25-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի մատուռին հարակից տարածքում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, տեղական իշխանությունների ղեկավարներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, արվեստի, գիտության եւ գործարար ոլորտների ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի երեք թեմերի առաջնորդներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի անդամներ:

Հանդիսության պաշտոնական մասը սկսվեց Թեհրանի Էդվարդ Թամրազյանի ղեկավարած երգչամբի կողմից ՀՀ եւ ԻԻՀ պետական օրհներգների կատարումով, որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը: Հայաստանի դեսպանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու հաջողություններն` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ անկախությունը ձեռք է բերվել մաքառումների, մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով:

Երեկոն ուղեկցվել է Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված տեսաֆիլմերի, հայ վարպետների ձեռնարվեստի ցուցադրությամբ, իրանահայ երաժիշտների կատարումներով:

Սեպտեմբերի 23-ին Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով: Կրոնական արարողությունը նախագահել եւ օրվա աոիթով քարոզել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Տեղի է ունեցել Հայոց եռագույն դրոշի օրհնման հանդիսավոր արարողություն, որից հետո Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում կայացած միջոցառման ժամանակ ՒԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ՀՀ դեսպանության կողմից օրհնված դրոշները հանձնել է իրանահայ համայնքի մի շարք կազմակերպությունների եւ միությունների:

Տպել էջը