Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում

25 սեպտեմբերի, 2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արգենտինայի Կենտրոնական վարչության կողմից եւ Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Բուենոս Այրեսի ¦Սիրանույշ§ հանդիսությունների սրահում կազմակերպվեց Հայաստանի եւ Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդները, արգենտինահայ համայնքի քաղաքական, հասարակական կառույցների եւ միությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հանդիսությանը ելույթ ունեցավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով ներկայացրեց հայկական պետականության անցած 20-ամյա ուղին, հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները, անդրադարձավ հայ-արգենտինական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նա ընդգծեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւորությունը Հայաստանի եւ հայության առջեւ կանգնած մարտահրավերների լուծման գործում:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվո հուշագրեր եւ շքանշաններ հանձնեց արգենտինահայ համայնքային կառույցների մի շարք ղեկավարների, արգենտինահայ մշակութային գործիչների, լրագրողների:

Միջոցառումը ավարտվեց համերգով արգենտինահայ համայնքային կառույցների պարախմբերի եւ երաժշտական համույթների մասնակցությամբ:

Տպել էջը