Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
22 սեպտեմբերի, 2011Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումները Շվեյցարիայում սկսվեցին հուլիսի վերջին տասնօրյակից:
Հուլիսի 28-ին Լոկառնո քաղաքում տեղի ունեցավ հայ երիտասարդ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես:
Օգոստոսի 18-21-ը Աարաու քաղաքում անցկացված «One minute» կինոփառատոնի շրջանակներում Շվեյցարիայի Օբերենթֆելդըն համայնքի Հայ դպրոցական եւ ընտանեկան միության սրահում տեղի ունեցավ «Պապիկ» ֆիլմի ցուցադրությունը Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի մասնակցությամբ, ցուցադրվեց նաեւ «Մեր Հայաստան» վավերագրական ֆիլմը եւ կազմակերպվեց գեղանկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը:
Օգոստոսի 25-ին Լոկառնոյում Շվեյցարիայի իտալախոս հանդիսատեսի համար կազմակերպվեց Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրություն:
Օգոստոսի 26-27-ը Ցյուրիխում անցկացվեց հայկական մշակութային փառատոն` Ցյուրիխի հայկական միության, ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումը, «Արմենոիդս» մոդեռն ֆոլկ երաժշտական խմբի համերգը, նկարչուհի Ագնես Ավագյանի նկարների եւ Մերի Ուոթչերի ֆոտոնկարների ցուցահանդեսները:
Սեպտեմբերի 17-ին Աարաու քաղաքում տեղի ունեցավ տոնական ընթրիք` երաժիշտներ Թամարա եւ Շանթ Եսկենյանների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված հիմնական միջոցառումը: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում` Համադաշնության Դաշնային պալատում, կազմակերպվեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի եւ պետական խորհրդի պատգամավորների, Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի պաշտոնյաների, հայկական համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական գործիչների մասնակցությամբ:
Միջոցառումը բացվեց հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լյոենբերգերի խոսքով, որն ընդգծեց հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակը եւ խորհրդարանական խմբերի դերը այդ հարաբերությունների հետագա խորացման գործում` առանձնահատուկ կերպով անդրադառնալով Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` որպես հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ Շվեյցարիայի ժողովրդի համերաշխության դրսեւորում:
Միջոցառմանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի ուղերձը, որում նշվում էին անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, անկախության հասնելու ճանապարհին հաղթահարած դժվարությունները եւ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հայկական պետականությունը առավել ամրապնդելու եւ զարգացնելու հաստատակամությունը: Առանձնահատուկ կարեւորվեց հայ-շվեյցարական հարաբերությունները նույն ակտիվությամբ շարունակելու եւ զարգացնելու, ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը, Հայաստան-Սփյուռք կապերի էլ ավելի խորացումը: