Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Բրազիլիայում

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին Բրազիլիայում ՀՀ դեսպանությունը և Սան Պաուլոյում ՀՀ պատվո հյուպատոսությունը Սան-Պաուլոյի «Սոֆիզա» սրահում կազմակերպեցին հոբելյանական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին։

Միջոցառմանը ներկա էին դաշնային պատգամավորներ, նահանգապետեր, քաղաքապետեր, դիվանագիտական կորպուսի անդամներ, բրազիլահայ միությունների և կազմակերպությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ:

Հանդիսության սկզբում Զինված ուժերի նվագախմբի կողմից կատարվեցին Հայաստանի և Բրազիլիայի օրհներգները, Զինվորական ոստիկանության հայազգի սպաների կողմից ներս բերվեցին և հանդիսավորությամբ տեղադրվեցին երկու երկրների ազգային դրոշները, որոնց շուրջ պատվո պարեկություն ստանձնեցին Բրազիլիայի կայսերական զորախմբի զինվորականները և հայ սկաուտների ջոկատը:

Անկախ Հայաստանի անցած 20-ամյա ուղու եւ հայ-բրազիլական հարաբերությունների մասին ելույթներ ունեցան Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, բրազիլական ԱԳՆ ներկայացուցիչ դեսպան Աֆոնսո Մասոն:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ:

«Սոֆիզա» սրահին հարող «Տրիանոն» քաղաքային այգում փողային նվագախմբի հայկական երաժշտության հնչյունների տակ տեղի ունեցավ տոնական հրավառություն` Հայաստանի պետական դրոշի գույների համադրությամբ:

Տպել էջը