Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում ԱՄՆ-ում

20 սեպտեմբերի, 2011

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Հայ առաքելական Սուրբ Մարիամ եկեղեցու խորհրդի հետ համատեղ Վաշինգտոնի «Լենսեր» սրահում կազմակերպել էր Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություն:

Հանդիսավոր մասում բացման խոսքով հանդես եկավ դեսպան Մարգարյանը, որն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Հայաստանի անկախ պետականությունը կառուցվել է մեծագույն ջանքերի եւ զոհողությունների գնով: Դեսպան Մարգարյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունը խթանեց նաեւ ազգային կյանքը Սփյուռքում` նպաստելով հայ ինքնության պահպանմանն ու դառնալով համայն հայության միասնության գրավականը:

Ամփոփվեցին նաեւ դեսպանության եւ եկեղեցու կողմից տարվա ընթացքում կազմակերպված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` երեխաների աշխատանքների մրցույթների արդյունքները:

Միջոցառման հանդիսավոր մասին հետեւեց Բոստոնի «Սայաթ-Նովա» հանրահայտ պարախմբի ելույթը: Հատուկ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ պատրաստված եւ առաջին անգամ ցուցադրվող բեմականացումը հայկական պարեղանակների միջոցով ներկայացնում էր Հայոց պատմությունը` Հայկի եւ Վահագնի լեգենդներից, հնօրյա ժամանակներից մինչեւ մեր օրերի ազատ եւ անկախ Հայաստան:

Տպել էջը