Մուսա Լեռան հերոսամարտի 96-ամյակին նվիրված միջոցառում
18 սեպտեմբերի, 2011Սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանի հայաբնակ Այնճարում տեղի է ունեցել Մուսա Լեռան հերոսամարտի 96-ամյակին նվիրված ժողովրդական մեծ տոնախմբություն, որին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի կառավարության անդամ, պետնախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամ Արթուր Նազարյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հերթապահ Հովիկ Մխիթարյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր եւ հարյուրավոր այնճարցիներ:
Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշել է, որ Այնճարի հայ բնակչությունը` որպես հայ ժողովրդի անքակտելի մասնիկ, իր ազգանվեր գործունեությամբ, աշխատասիրությամբ բազմիցս ապացուցել է իր կենսունակությունն ու հավատարմությունը ստեղծագործելու եւ արարելու սկզբունքներին: Նա շեշտել է, որ մուսալեռցիները տարիներ առաջ աշխարհին ցուցադրեցին հայ ժողովրդի տոկունությունն ու հզորությունը եւ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը հաղթանակում է ամենածանր եւ դժվարին պայմաններում՝ դրսեւորելով արիություն, կամք, վճռականություն եւ մեծ ներուժ: Դեսպան Քոչարյանը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակի կապակցությամբ:
Ելույթով հանդես են եկել նաեւ «Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի եւ Այնճարի հիմնադրման 75-ամյակի Կենտրոնական մարմնի» նախագահ Եսայի Հավաթյանը:
Տոնակատարությունն ավարտվել է սեպտեմբերի 18-ին Այնճարի Ս. Պողոս եկեղեցում մատուցված պատարագով, հոգեհանգստյան արարողությամբ, ինչպես նաեւ մուսալեռցիների ավանդական հարիսայի մատաղօրհնությամբ: