Արցախի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում Մարսելում

15 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մարսելի Ազգային գրադարանի Ալկասար հանդիսությունների սրահում անցկացվեց տոնական հավաք «Լեռնային Ղարաբաղ. անկախությունից 20 տարի անց» խորագրով: Կազմակերպիչներն էին Մարսելի քաղաքապետարանը եւ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Հանդիսավոր հավաքին մասնակցում էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Ռիշար Մալյեն, Գի Տեսյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազյուր տարածաշրջանի շրջանային եւ քաղաքային օրենսդիր ու գործադիր մարմինների, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, լրագրողներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հայ համայնքի անդամներ:

Միջոցառման կազմակերպիչներն ողջունեցին հանդիսությանը ներկա գտնվող Արցախի պատերազմի մասնակից, գեներալ Նորայր Տեր-Գրիգորյանին: Ցուցադրվեց Արցախի «Ծիր Կաթին» կինոստուդիայի 2010թ. նկարահանած «Արցախ-Ղարաբաղ» փաստագրական ֆիլմը:

Պատգամավորները ներկայացրեցին վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների մասին իրենց տպավորությունները եւ շնորհավորեցին Արցախի ժողովրդին ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղի` որպես ժողովրդավար, անկախ պետական միավորի կայացման կապակցությամբ:

Պատգամավորները լավատեսություն արտահայտեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Արցախի միջազգային ճանաչման առնչությամբ:

Նշանավոր տարելիցի կապակցությամբ ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարությունից Տիգրան Հարունյանը, Ժաք Տոնապետյանը, Ֆրանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը, Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Տպել էջը