Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳՆ Համագործակցության հարցերով նախարարի աշխատակազմի ղեկավարի հետ

14 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի ԱԳՆ նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հանդիպում ունեցավ երկրի արտաքին գերատեսչության Համագործակցության հարցերով լիազոր նախարարի աշխատակազմի ղեկավար Լյուկ Ռիգուզզոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ ստորաբաժանումների, Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրինության եւ MEDEF (Ֆրանսիայի գործարարների միություն) կազմակերպության ներկայացուցիչները:

Կողմերը քննարկեցին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության վերջին զարգացումները` մասնավորապես Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների գործունեությունը, ֆրանսիական կապիտալի մասնակցությունը նոր ծրագրերում եւ Զարգացման ֆրանսիական գործակալության անմիջական եւ ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում: Այդ համատեքստում բարձր գնահատվեց Համագործակցության հարցերով նախարար Անրի Ռենկուրի` վերջերս Հայաստան կատարած այցը:

Հանդիպմանը ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերջին զարգացումները` մասնավորապես ճգնաժամային եւ ետճգնաժամային ժամանակաշրջանի երկրի տնտեսական ցուցանիշները: Ողջունելով Զարգացման ֆրանսիական գործակալության ներգրավվածությունն երկկողմ տնտեսական օրագարգում` դեսպանը նշեց, որ դա մեկ անգամ եւս հաստատում է երկու երկրների ակտիվ եւ համապարփակ համգործակցությունը բոլոր ոլորտներում:

Իրենց հերթին Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ներկայացրեցին այս տարվա հուլիսին Հայաստան կատարած առաքելության արդյունքները, որի նպատակն էր ուրվագծել երկկողմ տնտեսական համագործակցության գերակա ոլորտները` էներգետիկա, գյուղատնտեսություն, ուրբանիզմ, աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին, սոցիալական ոլորտ, տուրիզմ եւ այլն:

Տպել էջը