Դեսպան Արմեն Մարտիրոսյանի աշխատանքային այցը Զաքսեն-Անհալթ երկրամաս

07 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամաս, որտեղ այս տարվա մարտին կայացած երկրամասային ընտրությունների արդյունքում ձեւավորվել է երկրամասային նոր կառավարություն:

Զաքսեն-Անհալթի վարչապետ դոկտոր Ռայներ Հազելոֆի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մարտիրոսյանը, գոհունակություն հայտնելով 1998 թ. Հայաստանի եւ Զաքսեն-Անհալթ երկրամասի միջեւ ստորագրված «Մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ հուշագրի» իրականացման արդյունքների եւ ընթացքի առնչությամբ, ընդգծեց, որ առկա է երկկողմ համագործակցության առավել զարգացման հսկա ներուժ, հատկապես տնտեսական ոլորտում: Գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության շուրջ ծավալված քննարկումների համատեքստում երկուստեք նշվեց այդ ոլորտի առավել ընդլայնման անհրաժեշտությունը, մասնավորապես, միջհամալսարանական կապերի սերտացման միջոցով:

Դեսպան Մարտիրոսյանը բարձր գնահատեց երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի դերը Գերմանիայում հայագիտության ներկայացման ուղղությամբ` նշելով, որ այն կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ միջազգային հայագիտության ընդհանուր համակարգում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև առողջապահական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:

Այցի շրջանակներում դեսպան Մարտիրոսյանը հանդիպումներ անցկացրեց նաեւ Զաքսեն-Անհալթի երկրամասի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մշակույթի նախարար պարոն Շտեֆան Դորգերլոհի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց գիտության եւ մշակույթի ոլորտում առկա համագործակցության ներկա փուլին եւ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այդ համատեքստում գոհունակությամբ նշվեց, որ 2006 թվականից ի վեր 110 ուսուցիչներ եւ աշակերտներ հյուրընկալվել եւ վերապատրաստվել են երկու երկրներում:

Գերմանական կողմը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրված «Մշակութային ժառանգության պահպանման» վերաբերյալ պայմանագրի հիման վրա հնագիտական ուսումնասիրությունների բնագավառում տարվող աշխատանքներն ու արդյունքները: Հայկական կողմին հանձնվեց Գերմանիայում լույս տեսած «Հնագիտությունը Հայաստանում» գիրքը` հայերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուներով:

Դեսպան Մարտիրոսյանի հաջորդ հանդիպումը երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգի քաղաքապետի մշակույթի, դպրոցների եւ սպորտի հարցերով տեղակալ դոկտոր Րյուդիգեր Կոխի հետ էր, որ ժամանակ գերմանական կողմը ներկայացրեց քաղաքի տնտեսական ոլորտը, դեմոգրաֆիկ իրավիճակը, մշակույթի, գիտության եւ սպորտի բնագավառները:

Զաքսեն-Անհալթի լանդթագի նախագահ, Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ պարոն Դետլեֆ Գյուրթի հետ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարները` այդ համատեքստում կարեւորելով ապակենտրոնացված համագործակցության դերը:

Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին եվրոպական արտաքին քաղաքականության ներկայիս խնդիրների շուրջ:

Տպել էջը