Եգիպտացի հայագետ, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ էլ-Իմամին հանձնվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալը
19 հուլիսի, 2011Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանագրով եգիպտացի պատմաբան, հայագետ և ցեղասպանագետ, Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը պարգևատրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալով` հայ մշակույթը և պատմությունը արաբական աշխարհում ներկայացնելու գործում ունեցած նշանակալից ավանդի համար:
Մեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում: Ներկա են եղել ականավոր եգիպտացի մտավորականներ, գիտնականներ, պրոֆեսորներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, Կահիրեի Համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատուներ և ուսանողներ, բազմաթիվ եգիպտահայեր:
Պարգևը դոկտոր Մուհամմադ Ռեֆաթին հանձնել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել եգիպտացի գիտնականին` քսան տարի շարունակ Հայկական հարցի և եգիպտահայ գաղթօջախի պատմության հետազոտման մեջ ունեցած զգալի վաստակի, ինչպես նաև Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած մշտական աջակցության և արաբալեզու «Արեգ» հայագիտական ամսագրի խմբագրությունը ղեկավարելու համար:
Մուհամմադ Ռեֆաթի գրչին են պատկանում «Հայ գաղթօջախի պատմությունը Եգիպտոսում» (1999), «Հայկական հարցը Օսմանյան պետությունում 1878-1923թթ» (2002), «Հայերը Եգիպտոսում 1896-1961թթ» (2003), «Մարդկային ցեղի ոչնչացում:
Ցեղասպանության կոնվենցիայի նախապատրաստական աշխատանքների վավերական փաստաթղթերի ուսումնասիրում. 1946-1948թթ» (2007), «Վերջին ժխտում. 20-րդ դարի հանցագործությունը» (2010) և արաբերենով հրատարակված մի շարք այլ արժեքավոր աշխատություններ: